Արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ պատասխանում է irates.am-ի հարցերին:
-Պարոն Միքայելյան, տարբեր կարծիքներ են հնչում, որ ազատամարտիկները, պատերազմի հերոսները պետք է հեռանան քաղաքականությունից, չմասնակցեն քաղաքական գործընթացներին՝ այդ ոլորտում որոշումներ կայացնելու հնարավորությունը թողնելով միայն քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին: Դուք կրկին ներգրավվել եք քաղաքական գործընթացներում: Կարծո՞ւմ եք, որ դեռ ազատամարտիկները պահանջված են քաղաքականության մեջ և պետք է իրենց խոսքն ասեն:
-Մենք տեսնում ենք, թե քաղաքագետներն ու քաղաքական գործիչները մեր երկիրն ինչ օրի հասցրին: Իսկ ինչո՞ւ ազատամարտիկը չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Եթե մենք ժամանակին զենք ենք վերցրել, հասկացել ենք, թե ինչ է կատարվում, ինչու է անհրաժեշտ զենք վերցնել: Մեզնից մեծամասնությունը զենք է վերցրել գաղափարի համար: Եվ բնական է, որ մենք պարտավոր ենք մասնակցել քաղաքական գործընթացներին: Մենք ենք Հայաստանն ազատագրել դարավոր թշնամուց և չպետք է թույլ տանք, որ այսօրվա քաղաքական գործիչները երկիրը տանեն կործանման:
-Բայց հենց ազատամարտիկների համար Հոկտեմբերի 27-ը դարձավ ջրբաժան, նրանք պառակտվեցին:
-Բնական է, այսօրվա իշխանությունները կարողացան մասնատել ազատամարտիկներին, և հենց դրա պատճառով էլ շարունակում են գոյատևել: Բայց ժամանակն է, որ մենք թողնենք նեղացկոտությունը և կարողանանք համախմբվել, հանդես գալ համախմբված: Մենք պարտավոր ենք համախմբվել, որպեսզի կարողանանք շտկել մեր իշխանությունների իրականացրած արտաքին ու ներքին սխալ քաղաքականությունը:
-Դուք վերջին շրջանի հարցազրույցներում քննադատում էիք ՀՀ երեք նախագահներին: Կարծում եք, որ մեզ կհաջողվի՞ դուրս գալ նրանց եռանկյունուց:
-Ես միշտ ասել եմ, որ երեք նախագահների շղթայում ենք հայտնվել: Մենք կարծես միայն երեք մարդու ենք տեսնում, որոնք կարող են լինել մեր երկրի նախագահը: Ժողովրդի հոգեբանության մեջ կարծես թե դա է նստած: Մենք այսօր առավել ևս պարտավոր ենք թույլ չտալու, որ երեք նախագահներից մեկը լինի ՀՀ նախագահ: Նրանք էլ պետք է հասկանան, որ կյանքն առաջ է գնում, իսկ մենք չենք կարող հետ գնալ: Մենք պատրաստ ենք լսելու իրենց խորհուրդները, իրենց սխալներից ելնելով ճիշտ ուղի դուրս գալ: Եթե մենք դուրս չգանք երեք նախագահների եռանկյունուց, մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու: Վերջին երկու նախագահներն առաջնորդվել են «Բաժանիր, որ տիրես» հոգեբանությամբ, որի արդյունքն էլ այսօր տեսնում ենք՝ մասնատված ժողովուրդ, արտագաղթ, ներքաղաքական ինտրիգներ: Մենք, դեռ պատերազմը չավարտված վիճակում, իրավունք չունենք թույլ տալ նման կարգի արտագաղթ, ներքին ու արտաքին սխալ քաղաքականություն:
Հարցազրույցը`Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ